«Ավելացնել արտադրությունն ու խթանել արտահանումը», այս նպատակով «ԱյԴի Բանկ» ՓԲԸ Վարչության նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Ռուբեն Մելիքյանը և «Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալություն» ԱՓԲԸ տնօրինության նախագահ, գործադիր տնօրեն Արմեն Շահնազարյանը համագործակցության հուշագիր են ստորագրել։
Ըստ Բանկի մամուլի ծառայության, կարևորելով հայրենական արտադրողների կողմից արտահանման խրախուսումը՝ IDBank-ը՝ «Հայաստանի արտահանողների ապահովագրական գործակալության» թողարկած ապահովագրական վկայագրերով հնարավորություն է տալու արտահանողներին ստանալ առանց գրավային ապահովվածության շրջանառու միջոցների ձեռքբերման վարկեր՝ միաժամանակ օտարերկրյա գնորդին տրամադրելով տարաժամկետ վճարման հնարավորություն՝ բացառելով օտարերկրյա գնորդի չվճարման ռիսկը։
«Գործակալության ապահովագրությամբ ծածկվում են օտարերկրյա գնորդի չվճարման ինչպես առևտրային, այնպես էլ քաղաքական ռիսկերը» ,- նշել է ՀԱԱԳ գործադիր տնօրեն Արմեն Շահնազարյանը։ Նրա խոսքով ընկերությունները կմիավորեն ջանքերը՝ ուղղված ՀՀ ռեզիդենտ տնտեսվարող սուբյեկտների կողմից արտադրության ավելացմանը, արտահանման խթանմանը և գործարար միջավայրի զարգացման առաջխաղացմանը։
«ԱյԴի Բանկ» ՓԲԸ-ի Կորպորատիվ բիզնեսի գծով տնօրեն, Վարչության անդամ Սերգեյ Վիրաբյանն իր խոսքում նշել է, որ այս պայմանագրով IDBank-ը պարզեցված ընթացակարգերով անգրավ և մատչելի ֆինանսական միջոցներ է տրամադրելու ՀՀ ռեզիդենտ իրավաբանական անձ և անհատ ձեռնարկատերերին ինչպես ապրանքի արտադրության համար անհրաժեշտ hումքի, նյութերի ձեռքբերման, փաթեթավորման, տրանսպորտային, մաքսային ծախսերի իրականացման, այնպես էլ տարաժամկետ վճարման պայմանով արտահանումներ իրականացնելու նպատակով։ Այսինքն, ՀԱԱԳ-ի հետ համաձայնագրի արդյունքում Բանկը բարենպաստ պայմաններ կառաջարկի ինչպես ապրանքի արտադրության, այնպես էլ հետարտահանումային փուլերում: