ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանն այսօր ընդունել է Հայաստանում Լիբանանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մայա Դաղերին:
Հիշատակելով, որ երկու երկրների գյուղատնտեսության նախարարությունների միջև պատրաստվել է ագրարային բնագավառում համագործակցության մասին համաձայնագրի նախագիծ, որն արդեն ներկայացվել է լիբանանյան կողմին` նախարարը վստահություն է հայտնել, որ այդ փաստաթղթի ստորագրումը հնարավորություն կընձեռնի ընդլայնել գյուղոլորտում երկկողմ համագործակցության շրջանակը:
Դեսպանը շեշտել է, որ պատմականորեն ձևավորված տնտեսական հարաբերությունները հանդիսանում են հիմնաքար, որոնք քաջալերում են ներդրողներին։ Եվ մինչ այժմ հաջողությամբ պսակված ներդրումներներն էլ իրենց հերթին վստահություն են փոխանցում նոր ներդրում ցանկացողների համար։
Հանդիպման ընթացքում դեսպան Մայա Դաղերը տեղեկացրել է, որ առաջիկայում Լիբանանից Հայաստան է ժամանելու պատվիրակություն, որի կազմում ընդգրկված են ինչպես պետական, այնպես էլ մասնավոր հատվածի ներկայացուցիչներ, որոնք
հետաքրքրված են մի շարք ոլորտներում, այդ թվում` նաև գյուղատնտեսության բնագավառում ներդրումային միջավայրի ուսումնասիրությամբ և ծրագրերի իրականացմամբ: