30-10-2018 16:43 1275

 

Suren 1 600x303

Ինչպե՞ս եք գնահատում կառավարության կատարած աշխատանքը և ծրագիրը, նաև տնտեսական նախաձեռնությունները:

Միանշանակ պատասխան դժվար է տալ: Այս հունիսին Ազգային Ժողովը հաստատեց նոր կառավարության գործունեության ծրագիրը, որը նախորդ կառավարությունների գործունեության ծրագրերից էականորեն տարբերվում էր, հատկապես այն հանգամանքով, որ այդ ծրագրի մեջ որևէ քանակական ցուցանիշ նպատակադրված չէր, դրանք պարզապես բացակայում էին: Անշուշտ, այդ հանգամանքը տրամաբանական է, քանի որ այս կառավարության մեկ տարվա գործունեության ծրագրի մեջ, իմ գնահատմամբ, հիմնականում դրված են որակական ցուցանիշներ, այսինքն միջավայրի բարեփոխման հետ կապված մտադրություններ՝ հակակոռուպցիոն, բիզնես – պետություն տարանջատում, իշխանության տարբեր թևերի տարանջատում:

Պարոն Պարսյան, Ձեր գնահատմամբ, որքանո՞վ են այդ սպասումներն արդարացվում:

Կառավարության տնտեսական հատվածի ծրագրերում զգալի դեր խաղաց հակակոռուպցիոն պայքարը, որի էֆեկտն անմիջապես զգացվեց տնտեսական ցուցանիշների շնորհիվ, առավելապես առևտրի և ծառայությունների ոլորտի ցուցանիշների միջոցով: Հենց այդ երկու ոլորտներում զգալիորեն կրճատվեց ստվերը: Թվերի լեզվով՝ միայն հունվար - օգոստոս ամիսների ընթացքում Հայաստանի տնտեսությունն աճեց 7.7 % անցած տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ, իսկ հուլիս-սեպտեմբերին գյուղատնտեսության ոլորտի ծավալների շարունակական անկման պատճառով տնտեսական աճի ցուցանիշը կազմեց 6.5 % : Մասնավորապես, այս սեպտեմբերին անցած տարվա սեպտեմբերի համեմատ գյուղոլորտում արտադրանքի ծավալը 17.7 % կրճատվեց, ինչպես տեսնում եք, խոսքը բավականին մեծ ցուցանիշի մասին է: Պատճառը բանջարեղենի ցանքատարածությունների կրճատումն էր, որում մեծ է դրամավարկային քաղաքականության դերը: Վերջին տարիներին ԱՊՀ գրեթե բոլոր երկրներում ազգային արժույթներն արժեզրկվել են 70-120 %: Սակայն միայն Հայաստանում և Թուրքմենստանում ազգային արժույթներն արժեզրկվեցին ընդամենը 15-20%, ինչը հանգեցրեց մեր գյուղմթերքի գների բարձրացմանը ԱՊՀ շուկաներում: Եթե, օրինակ, մեկ լիտր գինին նախկինում վաճառվում էր 100 ռուբլիով, հիմա պետք է վաճառվի առնվազն 150 ռուբլիով, որպեսզի ապահովվի հայկական ապրանքի ինքնածախսածածկումը:

Բացի այդ՝ գյուղոլորտը դեռ արտաքին շուկաների պահանջարկը բավարարելու խնդիր ունի: Անշուշտ հայկական գյուղմթերքի համար ամենալայն դռները բացեց ռուսական շուկան: Սակայն այժմ երկիրը համապատասխան առաջարկ ստեղծելու խնդրի առաջ է կանգնած:

Ինչ վերաբերում է առևտրին և ծառայություններին, ապա այստեղ միայն առևտրի մասով և մանրածախում և մեծածախում ստվերը զգալի կրճատվել է և հենց դրա շնորհիվ հունվար-սեպտեմբերին տնտեսությունն աճ է գրանցել: Իսկ ծառայությունների ոլորտի էֆեկտը տնտեսությունը զգաց հիմնականում շահող խաղերի ոլորտի շնորհիվ: Մասնավորապես, հունիս-հուլիս ամիսներին տեղի ունեցած ֆուտբոլի աշխարհի առաջնությունը նպաստեց բուքմեյքերական ընկերությունների շահույթի ավելացմանը:

Այս ամենով հանդերձ մեր տնտեսությունը դիվերսիֆիկացման մեծ կարիք ունի:

Դուք ունե՞ք տնտեսության դիվերսիֆիկացման տեսլական:

Նախ անհրաժեշտ է որոշում կայացնել մակրոմակարդակով, որ պետությունը դառնա շուկայական հարաբերությունների ակտիվ մասնակից: Նախորդ 27 տարիների տնտեսական լիբերալ մոդելով պետության դերը կայանում էր միայն պայմանների ստեղծման մեջ, սակայն, իմ համոզմամբ, պետությունը պետք է լինի նաև տնտեսության խոշոր ծրագրերի իրականացնող մասնակից՝ արդյունաբերության, գյուղատնտեսության, տրանսպորտի և այլ ոլորտներում:

Արձագանքելով Հարկային օրենսգրքի վերջին փոփոխություններին, առևտրային մի շարք բանկեր որոշում կայացրեցին զիջելու ֆիզիկական անձ հաճախորդների՝ 2018 . մայիսի 31-ի դրությամբ 271 և ավելի օր ժամկետանց անհուսալի դասակարգված վարկերի գծով հաշվարկված տույժերը՝ վարկառուի հետ համաձայնեցված ժամանակացույցով վարկի մայր գումարը և հաշվարկված տոկոսները վճարելու պայմանով: Որքանո՞վ էր արդարացված այս որոշումը, Ձեր կարծիքով:

Ըստ էության, այդ նախաձեռնությունը սոցիալական մեծ էֆեկտ չի կարող ունենալ պարզ պատճառով. այն մարդիկ, ովքեր չեն կարողանում վճարել մայր գումարը տոկոսների հետ միասին, նույնիսկ տոկոսների ներման պարագայում մայր գումարը դարձյալ չեն վճարի: Այդ վարկառուներին, որոնց մեջ շատ են ՓՄՁ ներկայացուցիչները, օգնելու ամենաարդյունավետ ճանապարհը տնտեսության մեջ իրենց ապրանքի հանդեպ պահանջարկ ձևավորելը կարող է լինել: Բազմաթիվ ՓՄՁ-ներ վերջին տարիների ընթացքում դադարեցնում են իրենց գործունեությունը ոչ թե հարկային բեռի, այլ իրացման ծավալների կտրուկ կրճատման պատճառով, հատկապես՝ սա տեսանելի է մանրածախ առևտրի ոլորտում, երբ խոշոր սուպերմարկետների ցանցերը ագրեսիվ ընդլայնում են իրենց գործունեության տարածքները, ինչի արդյունքում հարակից փոքր և միջին խանութներ, կրպակներ փակվում են:

 

Կայքում տեղ գտած հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է FinAgent.am լրատվական-վերլուծական ռեսուրսին։ Նյութերի մասնակի կամ ամբողջական արտատպումը այլ ԶԼՄ-ների կողմից առանց պատշաճ հղման արգելվում է։ Շնորհակալություն մեր աշխատանքը հարգելու համար։

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Ո՞ր բանկն է առավել վստահելի ?

Ո՞Ր ՎԿ-Ն Է ԱՌԱՎԵԼ ՎՍՏԱՀԵԼԻ ?

Ո՞Ր ԳՐԱՎԱՏՈՒՆՆ Է ԱՌԱՎԵԼ ՎՍՏԱՀԵԼԻ ?

×