14-11-2017 15:34 18503

bagrat

 

Պարոն Ասատրյան, կխնդրեմ, ներկայացնեք բանկային համակարգի այժմյան վիճակն ու զարգացումները...
Անցած տարվանից բանկերում և վարկային կազմակերպություններում սկսեց աճել ավելցուկային իրացվելիությունը: Դա պայմանավորված էր հստակ հանգամանքով`հիմնականում բանկային կապիտալի ավելացման հետևանք էր: Ոչ պակաս կարևոր պատճառներից էր նաև տնտեսական վիճակը, ինչը ենթադրում է դաշտի նեղացում, որի դրսևորումներից մեկն աճող մրցակցությունն է բանկային համակարգում վարկային գործառույթների մասով: Այսօր բանկերը որոնում են առողջ վարկառուներ, որոնք համապատասխան ծրագրեր են իրականացնում նաև տոկոսների նվազեցնումների գնում: Ընդհանուր առմամբ առողջ մրցակցություն է: Թեև որոշ դեպքերում, իհարկե, նկատվում են նաև ոչ այնքան ազնիվ մրցակցության տարրեր, օրինակ, որոշ դեպքերում ինչ-որ բանկ մյուսից հաճախորդ է <<տանում>>:

Իսկ որքա ՞ն են նվազել վարկերի տոկոսները:
<<Գառնի ինվեստ>> ընկերության փորձով կարող եմ ասել, որ միջին ամսական գործառնությունների տոկոսն անցած տարվա կեսերի համեմատ այս տարի մոտ 3-4% նվազել է:
Նվազման միտումը պետք է ամրապնդվի համակարգային միջոցառումներով, գործիքներով: Այսօր բանկերում, կոպիտ հաշվարկով, 1 մլրդ դոլար ավելցուկային իրացվելիություն կա: Այդ գումարն անմիջապեա կարող է ուղղվել տնտեսություն, եթե հաջողությամբ իրականացվեն համակարգային բարեփոխումներ: Օրինակ, մեր դատարանները գերծանրաբեռնված են: Եթե այս հարցում տեղաշարժ ապահովվի, համոզված եմ, որ գումարների հոսքը կգնա դեպի տնտեսություն:


Ի ՞նչ կասեք վարկառուների <<որակի>> մասին: Այն փոխվե ՞լ է:
Իհարկե, փոխվել է: Վիճակը շատ հեռու է 90-ականների պատկերից: Այսօր վարկառուն ավելի կիրթ է, փորձում է լիարժեք պատկերացնել, թե ինչ կարող է անել ներգրաված վարկով: Նախկինում հակառակն էր` վարկառուն գալիս էր բանկ միայն թե փող ներգրավեր, իսկ թե ինչ կաներ դրանով հետո, նրան չէր հուզում: Այսօրվա վարկառուն շատ ավելի բծախնդիր է նաև իր վարկային պատմության հանդեպ, քանի-որ հենց այդ պատմությունն է ամենակարևոր երաշխիքը վարկավորման գործում: Դաշտը կայացել է, սակայն նշեմ, որ վարկային շուկան նեղացել է, առաջարկն ու պահանջարկը զարգանում են ոչ համարժեք:
Թվերն են փաստում. 2016-ին ակտիվներն աճել են 14%, ինչը համարժեք է վարկային պորտֆելի աճին: Սակայն կապիտալն աճել է 27%, այսինքն ակտիվների աճը համարժեք չէ կապիտալի աճի տեմպին: Այսինքն փողի առաջարկի աճի տեմպը հետ է մնում հնարավորությունների աճից: Այդ է պատճառը նաև, որ վերջին 1-1,5 տարում միջին տոկոսադրույքների էական նվազում է տեղի ունեցել, օրինակ, արտարժույթով ավանդների տոկոսը 5 տոկոս է որոշ բանկերում:


Իսկ ինչպիսի՞ն է վիճակը խնդրահարույց վարկերի մասով:

2015-2016 թթ. ֆինասական կազմակերպությունների վարկային պորտֆելները ընդհանուր առմամբ <<ծանրացել էին>> խնդրահարույց վարկերով: Բայց 2016 թ. վերջին եռամսյակից մինչև այժմ որոշակի դրական միտումներ են նկատվում: Այստեղ կարևոր գործոն է մասնավոր դրամական փոխանցումների ցուցանիշը: Դրա նվազումը հանգեցնում է համակարգում խնդրահարույց վարկերի ավելացմանը, սակայն այս տարի տրանսֆերտներն ավելացել են: Այս տարվա 8-9 ամիսների ընթացքում հոսքը մոտ 15% աճել է: Բացի այդ տնտեսությունում կայունացման տարրեր են նկատվում:

Այդուհանդերձ` ի՞նչ անեն այն վարկառուները, որոնք չեն կարողանում մարել վարկը:
Բանկերն յուրաքանչյուր վարկառուին խնդրահարույց վարկի դեպքում որոշակի առաջարկ են անում: Իհարկե, կան դեպքեր, երբ առաջարկությունների տեղ չկա, սակայն ընդհանուր առմամաբ, բանկերը փորձում են առավել ճկուն լինել, դիմում են վարկի վերաձևակերպման:

Շատ երկրներում կան հատուկ կազմակերպություններ, որոնք օգնում են խդրահարույց վարկառուներին շտկել իրենց վիճակը, վերաֆինանսավորում են տրամադրում: Ձեր կարծիքով, Հայաստանը կարո՞ղ է գնալ այդ քայլին:
Նախ նշեմ, որ Հայաստանում գործում է սպառողական վարկավորման մասին օրենք, որի էությունն է պաշտպանել թույլ վարկառուների, այսինքն սպառողական վարկ վերցնողների շահերը, ունենք նաև Ֆինանսական հաշտարարի ինստիտուտ, որը օժանդակում է վարկառուներին որոշակի հարցերում:
Ինչ վերաբերում է պարտքային շուկայի կազմակերպություններին, Հայաստանում դրանք դժվար զարգանան, որովհետև սպասումները դժվար թե հաջողակ գործարքներ լինեն: Իհարկե, ակտիվների արժեթղթավորումը ևս կարող է լինել լավ լուծում, Հայաստանում այն այժմ փորձարկվում է:

 

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Ո՞ր բանկն է առավել վստահելի ?

Ո՞Ր ՎԿ-Ն Է ԱՌԱՎԵԼ ՎՍՏԱՀԵԼԻ ?

Ո՞Ր ԳՐԱՎԱՏՈՒՆՆ Է ԱՌԱՎԵԼ ՎՍՏԱՀԵԼԻ ?

×