13-08-2018 11:14 2831

1512906778 7943

 

Ուկրաինան Արժույթի միջազգային հիմնադրամի կողմից 1,9 մլրդ դոլար չափով հերթական վարկային տրանշի չհատկացման դեպքում հաջորդ մի քանի ամիսներին կհայտնվի չափազանց ծանր ֆինանսական դրության մեջ, ընդհուպ մինչև դեֆոլտի հայտարարում:

Ըստ պաշտոնական տվյալների՝ Ուկրաինայի վարկային բեռը 2018-2022թթ. ընկած ժամանակահատվածում կազմում է շուրջ 28,7 մլրդ դոլար՝ այդ թվում վարկի սպասարկման գծով վճարվելիք գումարները, որից 10 մլրդ դոլարը բաժին է ընկնելու 2018 և 2019 թվականներին: Ընդ որում, 2018 թվականի ընթացքում վարկային բեռը կազմելու է 2 մլրդ դոլար, սակայն երկրի կառավարության հաշվին առկա է ընդամենը 1 մլրդ դոլար, ինչը բավարար չէ նույնիսկ պետական բյուջեի ծախսերի ֆինանսավորումը մինչև տարեվերջ իրականացնելու համար, լավագույն դեպքում դա կբավականացնի 2-3 ամիս ուստի վաղ թե ուշ Ուկրաինայի կառավարությունը ստիպված կլինի իրականացնել բյուջետային ծախսերի կրճատում՝ սեկվեստր:

Ուկրաինայի ընդհանուր վարկային պարտավորությունների առավել քան կեսը կազմում են պաշտոնական վարկատուների հանդեպ ունեցած պարտավորությունները՝ ԱՄՀ, ԵՄ, ԱՄՆ, ինչը նշանակում է, որ այդ պարտավորությունների գծով դեֆոլտի հայտարարումը գործնականում անհնար է:

Վարկային տրանշի տրամադրման համար Արժույթի միջազգային հիմնադրամը Ուկրաինայի կառավարության առջև դրել է երկու կոշտ նախապայմաններ՝ երկրում հակակոռուպցիոն դատարանի հիմնում և ազգաբնակչությանը տրամադրվող գազի սակագնի բարձրացում: Եթե առաջինը զուտ ինստիտուցիոնալ բարեփոխում է և կարող է բավական արագ կերպով լուծվել, ապա գազի սակագնի բարձրացման դեպքում երկրի իշխանությունները լուրջ խնդիրներ կունենան կապված երկրում սոցիալական լարվածության մեծացման հետ:

Ուկրաինայի պետական պարտքը 2018 թվականի դրությամբ դոլարային արտահայտությամբ կազմում է 76,3 մլրդ դոլար, որը կազմում է երկրի ՀՆԱ մոտ 72%-ը: Տնտեսական աճի ցածր տեմպերը՝ մոտ 2%, գործազրկության և սղաճի բարձր մակարդակը ևս էական վտանգներ են սպառնում երկրում տնտեսական կայունության համար: Տվյալ իրավիճակում եթե Ուկրաինայի կառավարությունը այնուամենայնիվ գնա ավանդական ամենահեշտ՝ ազգային արժույթի էմիսիայի ճանապարհով, որը թեև հակացուցված է ԱՄՀ և Համաշխարհային բանկի կողմից, քանի որ կխաթարի դժվար կերպով հաստատված տնտեսական կայունությունը երկրում, ապա գրիվնայի կտրուկ արժեզրկումն անխուսափելի կլինի: Ներկայումս, երկրի արժույթի և ոսկու պաշարները ևս կրկնակի կրճատվել են, քանի որ կառավարությունը այդ միջոցներն ուղղել է ընթացիկ ֆինանսական պարտավորությունների մարմանը: Բացի այդ, արդեն իսկ սղաճի մակարդակը երկրում բարձր է, իսկ հավելյալ էմիսիայի դեպքում այն կհանգեցնի ազգային արժույթի կտրուկ դեվալվացիայի՝ ներկայիս մեկ դոլարի դիմաց 27 գրիվնա փոխարժեքի դիմաց հասնելով մինչև 50 գրիվնայի: Դեվալվացիայի արդյունքում սղաճի մակարդակը կտրուկ կբարձրանա և երկրի տնտեսությունը կարող է լուրջ ճգնաժամի մեջ հայտնվել: Ավելին, գրիվնայի կտրուկ արժեզրկման արդյունքում արժութային շուկաներում դոլարի նկատմամբ պահանջարկը կտրուկ կմեծանա, որը Ուկրաինայի ԿԲ պահոսւտներով անհնար կլինի բավարարել, ուստի երկրում տեղ կգտնի նաև արժութային ճգնաժամ, ինչը անհնար կդարձնի ոչ միայն արտաքին կառույցների կողմից ֆինանսական միջոցների ստացումը, այլև ֆինանսական շուկաներում խուճապի հետևանքով անխուսափելիորեն կփլուիզվի նաև պետական պարտատոմսերի շուկան՝ դրանց արարգ արժեզրկմանի հետևանքով: Ոստի, նման ռիսկային միջոցառման երկրի կառավարությունը չպետք է գնա գիտակցելով դրա ծանր հետևանքները:

Առավել հավանական է և ավելի քիչ ռիսկային քայլ կհանդիսանա պետական պարտատոմսերի նոր թողարկումները, որոնց միջոցով հնարավոր կլինի վերաֆինանսավորել պարտատոմսերի նախկին թողարկումները, բնականաբար դա հնարավոր կլինի դրանց դիմաց ավելի բարձր տոկոսադրույքների սահմանաման դեպքում, ինչն էլ ավելի կմեծացնի երկրի վարկային բեռը:Սակայն, սա ևս հիմնարար լուծում չի հանդիսանա երկիրը ֆինանսական ծանր վիճակից դուրս բերելու համար , ուստի Ուկրաինան այլ ելք չունի և պետք է ամեն գնով ձգտի ստանալ ԱՄՀ 1,9 մլրդ դոլարի և ԵՄ 1 մլրդ դոլարի չափով ֆինանսական օժանդակությունը: Եթե Ուկրաինային հաջողվի ստանալ նշված ֆինանսական օժանդակությունը արտաքին գործընկերներից, ինչպես նաև ներգրավել միջոցներ արտաքին ֆինանսական շուկայում, ապա դա թույլ կտա վերջինիս ծածկել երկրի ֆինանսական պահանջմունքները մոտակա երկու տարվա համար և այնուհետ հետագայի համար նոր լուծումներ փնտրել:

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Ո՞ր բանկն է առավել վստահելի ?

Ո՞Ր ՎԿ-Ն Է ԱՌԱՎԵԼ ՎՍՏԱՀԵԼԻ ?

Ո՞Ր ԳՐԱՎԱՏՈՒՆՆ Է ԱՌԱՎԵԼ ՎՍՏԱՀԵԼԻ ?

×