01-06-2018 15:58 60905

33656476 1651139401666379 3235406122571530240 n

 

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ FinAgent.am-ից

Ներկայումս Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական իրավիճակի վրա ի թիվս այլ գործոնների լուրջ բացասական ազդեցություն է գործում ազգաբնակչության կողմից վարկերի վերադարձելիության հիմնախնդիրը: Վերջինս պայմանավորված է նրանով, որ Հայաստանի տնտեսության մեջ վերջին տարիներին արձանագրված բացասական միտումները հանգեցրին ազգաբնակչության զանգվածային աղքատացման: Տնտեսական անորոշություններով պայմանավորված՝ տնտեսապես անապահով բազմաթիվ քաղաքացիներ չկարողանալով հաշվարկել իրենց ֆինանսական հնարավորությունները՝ ձեռներեցությամբ զբաղվելու, ընթացիկ պարտավորությունները մարելու կամ կենցաղային հոգսերը հոգալու նպատակով դիմեցին առևտրային բանկերին և վարկային կազմակերպություններին՝ վարկեր ստանալու համար: Գաղտնիք չէ, որ Հայաստանում վարկերի տոկոսադրույքները զգալի բարձր են այլ երկրների համեմատ, ուստի մայր գումարի և տոկոսադրույքների մարումը մեծ ֆինանսական բեռ է հանդիսանում քաղաքացիների համար: Արդյունքում, Հայաստանում համատարած բնույթ են կրում այն դեպքերը, երբ վարկառուն դիմում է նոր վարկի համար՝ նախորդը մարելու համար, իսկ բավարար եկամուտ չունենալու պարագայում սա փաստացի հանգեցնում է անվերջ վարկային բեռի ավելացման: Վերը նշվածի արդյունքում բազմաթիվ քաղաքացիներ հնարավորություն չունենալով ժամանակին մարելու վարկային ժամանակացույցով նախատեսված գումարները՝ բացի մայր գումարի ու տոկոսների գումարներից՝ կուտակել են նաև հսկայական տույժեր և տուգանքներ, որոնք շատ դեպքերում գերազանցում են վարկի մայր գումարը: Հայաստանում գործող օրենսդրության համաձայն՝ այն վարկերը, որոնց գծով խախտվել է վարկային պայմանագրով սահմանված վճարման ժամանակացույցը՝ դասակարգվում են և այդ խնդրահարույց վարկատուները հայտնվում են առևտրային բանկերի այսպես կոչված <<սև ցուցակում>>, ինչը վերջիններիս զրկում է հետագայում նոր վարկեր ստանալու հնարարվորությունից:
Անդրադառնալով թվային տվյալներին, հարկ է նշել, որ ըստ ՀՀ ԿԲ 2017 թվականի առաջին կիսամյակի ֆինանսական կայունության հաշվետվության՝ 2017 թվականի առաջին կիսամյակի ընթացքում վարկային պորտֆելում չաշխատող վարկերի և դեբիտորական պարտքերի տեսակարար կշիռը կազմել է 4.1%, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հաամեմատ նվազել է 0.5 տոկոսային կետով: Ըստ տնտեսության ճյուղերի բաշխվածության՝ չաշխատող վարկերի և դեբիտորական պարտքերի տեսակարար կշիռները համեմատաբար բարձր են սպառողական, հանրային սննդին և սպասարկման այլ ոլորտներին, տրանսպորտի և կապի ոլորտներին տրամադրված վարկերում՝ համապատասխանաբար 16.1%, 10.0% և 7.6%: Նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ, ակտիվների հնարավոր կորուստների պահուստին կատարված զուտ մասհանումների և միջին ընդհանուր ակտիվների մեծության հարաբերակցության ցուցանիշն աճել է 0.2 տոկոսային կետով և կազմել 1.5%: Ըստ նույն աղբյուրի տվյալների՝ առևտրային բանկերի կողմից կասկածելի դասի վարկերի 75%-ը դասակարգվել է որպես անհուսալի և դուրս է գրվել բանկերի հաշվեկշռից: Այդ վարկերի գումարը կազմել է 19.9 մլրդ դրամ կամ համակարգի նորմատիվային կապիտալի 3.0%-ը: Միաժամանակ հսկվող, ոչ ստանդարտ և կասկածելի դասերի վարկերի 25%-ը դասակարգվել է որպես անհուսալի դասի վարկեր, որը ընդհանուր գումարը կազմել է 25.4 մլրդ դրամ կամ համակարգի նորմատիվային կապիտալի 3.8%-ը: Նույն ժամանակաշրջանում բանկերի կողմից տրամադրված ստանդարտ դասի վարկերի 30%-ը դասակարգվել է որպես հսկվող՝ 70.1 մլրդ դրամ կամ համակարգի նորմատիվաին կապիտալի 10.6%-ը: Վերոգրյալից ակնհայտ է, որ վարկերի հետվերադարձելիության լուրջ խնդիրներ կան Հայաստանում, ինչը բացասական ազդեցություն է գործում ինչպես ազգաբնակչության, այնպես էլ բանկերի ֆինանսական դրության վրա:

Կարծում ենք, որ այս համատեքստում խիստ արդիական խնդիր է դառնում պետության կողմից վարկերի համաներումը: Այն ընդհանուր առմամբ իրենից ներկայացնում է մի ծրագիր, որի նպատակն է՝ բարելավել վարկառուների ֆինանսական վիճակը՝ նրանց հնարավորություն ընձեռելով մարել վարկի մայր գումարը և այնուհետ նոր դրա դիմաց կուտակված տոկոսադրույքները՝ ազատելով վերջիններիս ուշացումների համար հաշվարկված տույժերից ու տուգանքներից: Վարկային համաներման արդյունքում վատ վարկային պատմության վերաբերյալ տվյալները նույնպես վերանայվում են:

Հարկ է նշել, որ վարկային համաներման ծրագրեր բազմիցս իրականացվել են արտերկրում: Մասնավորապես, 2007-2009 թթ. համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի ընթացքում Ամերիկայի Միացյալ Նահանգների գլխավոր ֆինանսական կառույցը՝ Դաշնային պահուստավորման համակարգը բանկերին կոչ արեց ներել հիփոթեքային վարկերի մայր գումարները՝ անշարժ գույքի շուկայական գների էժանացմանը համամասնորեն: Այս քայլը նախատեսված էր որպես լրացուցիչ միջոց վարկային դեֆոլտների աճը կանխելու ուղղությամբ: Անդրադառնալով հետխորհրդային երկրներին, պետք է նշել, որ Ռուսաստանի Դաշնությունում 2009 թվականից ի վեր կիրառվել է վարկային համաներումը, սակայն դա նախաձեռնվել են առանձին բանկերի կողմից: Այսպես, <<Խնայբանկը>> իր ցածր վճարունակություն ունեցող հաճախորդների համար 2009 թվականից ի վեր պարբերաբար իրականացրել է վարկային համաներում՝ վարկերի ժամկետների երկարաձգման և ուշացման համար տույժերի և տուգանքների զրոյացման միջոցով: Դրանով բանկը ոչ միայն օժանդակում է իր վճարունակության խնդիրներ ունեցող հաճախորդներին, այլև օպտիմալացնում է սեփական վարկային պորտֆելը: Նշենք, որ այդ օրինակին հետագայում հետևել են նաև բազմաթիվ այլ ռուսական բանկեր:

Ինչ վերաբերվում համապետական մակարդակով վարկերի համաներմանը, ապա այդպիսի փորձ առկա է Ղազախստանում, որտեղ 2015 թվականին ընդունվեց համապատասխան օրենք: Վերջինովս նախատեսված էր վերացնել խնդրահարույց վարկերի տույժերը և տուգանքները, իսկ բանկերը պետք է անհատապես հաճախորդների հետ կազմեին վարկերի մարման նոր ժամանակացույցեր:

2018 թվականին վարկերի համաներման մասին օրինագիծ է քննարկվում է Ռուսաստանի Պետական Դումայում, որով նախատեսվում է վարկային համաներում տարածել անվճարունակ ֆիզիկական անձանց վարկային պարտավորությունների վրա: Այդ օրինագծով նախատեսվում է ուշացած վարկերի գծով տույժերի վերացում, տոկոսների նվազեցում և վարկային վատ պատմության վերանայում:

Իրականում վարկային համաներման ծրագրի շրջանակում կարող են իրականացվել բազմաթիվ միջոցառումներ, որոնցից անհրաժեշտ է ընտրել Հայաստանի Հանրապետության համար առավել օպտիմալ տարբերակը: Կարծում ենք, ելնելով Հայաստանի սոցիալ-տնտեսական իրավիճակից՝ նպատակահարմար է վարկային համաներման հետևյալ կարևոր միջոցառումների նախատեսումը.

· Ժամկետանց վարկերի տոկոսադրույքների նվազեցում,

· Վարկերի ուշացման համար գանձվող տույժերի ու տուգանքների վերացում,

· Վարկի վերադարձելիության ժամկետի երկարաձգում,

· Սկզբում վարկի մայր գումարի ամբողջական մարում և այնուհետ նոր միայն տոկոսների վճարում,

· Վարկային դրական պատմության վերականգնում:

Կարծում ենք, վարկային համաներումը կնպաստի ոչ միայն ազգաբնակչության ֆինանսական վիճակի բարելավմանը, այլև կնպաստի բանկերի ակտիվների առողջացմանը և ֆինանսական միջոցների շրջանառելիության արագացմանը: Վերջինս հիմնավորվում է նրանով, որ բանկերն ժամկետանց պարտավորությունների պահուստներին ավելի քիչ գումարներ կուղղեն և հնարավորություն կունենան արդեն իսկ այդ պահուստներում կուտակված որոշակի ռեսուրսներ շրջանառության մեջ դնել, քանի որ վերաձևակերպված վարկերն արդեն չեն համարվի ժամկետանց: Բնականաբար, վերոթվարկյալ միջոցառումների իրականացումը չի ենթադրում նույն անձի համար դրանց բոլորի միաժամանակյա պարտադիր կիրառում, քանի որ տարբեր վարկառուներ գտնվում են տարբեր իրավիճակներում: Ավելին, արդարության սկզբունքի ապահովման նկատառումներից ելնելով՝ վարկային համաներումը չպետք է տարածվի բոլոր ժամկետանց պարտավորություններ ունեցող քաղաքացիների վրա, այլ անհրաժեշտ է անհատական մոտեցում ցուցաբերել՝ տարբերակելու համար իրականում ֆինանսական վատ վիճակում գտնվող քաղաքացիներին տարաբնույթ խարդախությունների դիմած անձնացից: Այս առումով, վարկային համաներման ծրագիրը պետք է լուրջ քննարկումների առարկա դառնա ՀՀ կառավարության, Կենտրոնական բանկի, առևտրային բանկերի և հասարակության ներկայացուցիչների հետ: Կարծում ենք, խնդրին ավելի օբյեկտիվ լուծում տալու համար նպատակահարմար կլինի ձևավորել հատուկ հանձնաժողով՝ դրանում ընդգրկելով ՀՀ ազգային ժողովի պատգամավորների,ՀՀ կառավարության և Կենտրոնական բանկի, առևտրային բանկերի և շահագրգիռ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների, որոնք կդիտարկեն վարկային համաներման գծով միջոցառումների իրականացման հնարավորությունները և փոխշահավետ ճիշտ լուծման կհանգեն:

 

Կայքում տեղ գտած հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է FinAgent.am լրատվական-վերլուծական ռեսուրսին։ Նյութերի մասնակի կամ ամբողջական արտատպումը այլ ԶԼՄ-ների կողմից առանց պատշաճ հղման արգելվում է։ Շնորհակալություն մեր աշխատանքը հարգելու համար։

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Ո՞ր բանկն է առավել վստահելի ?

Ո՞Ր ՎԿ-Ն Է ԱՌԱՎԵԼ ՎՍՏԱՀԵԼԻ ?

Ո՞Ր ԳՐԱՎԱՏՈՒՆՆ Է ԱՌԱՎԵԼ ՎՍՏԱՀԵԼԻ ?

×