19-04-2017 13:05 17005
Տարվա սկիզբը նշանավորվեց ավանդների կառուցվածքում՝ անցած տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատ որոշակի դրական փոփոխություններով: Դրամային ավանդների թեկուզև աննշան տոկոսային աճը վկայում է ազգային արժույթի նկատմամբ վստահության, հետևաբար նրա պահանջարկի աճի վերականգնման մասին: Համաձայն ՀՀ Կենտրոնական Բանկի պաշտոնական տվյալների՝ 2016թ․-ի հունվար ամսվա վերջին առևտրային բանկերի ավանդների ծավալը կազմել է 1 958 366 մլն. դրամ, մինչդեռ 2017թ․-ի նույն ժամանակահատվածում այն հասել է 2 373 194 մլն. դրամի։ Այդ աճը տեղի ունեցավ ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից ներդրված ավանդների ավելացման շնորհիվ:


img1


Նույն ամսում ժամանակավորապես ազատ դրամային միջոցների առաջարկի աճը զուգակցվում էր ինչպես դրամային, այնպես էլ դոլարային տեսքով ներդրված բոլոր տեսակի ավանդների տոկոսադրույքերի իջեցումով՝ անկախ նրանց ժամկետայնությունից: Այնուամենայնիվ, եկամտաբերության ապահովման տեսանկյունից ավանդի բոլոր տեսակներից դրամայինը շարունակում է մնալ ամենագրավիչը:

img2


Հայաստանում և ԵՏՄ այլ անդամ երկրներում արժութային ճգնաժամը և դրան հաջորդած գործընթացները (2014-2015թթ.) վերածվեցին ազգային արժույթի հանդեպ վստահության ճգնաժամի: Արդյունքում աճեց ԱՄՆ դոլարի՝ որպես կուտակման միջոցի պահանջարկը և նվազեց նրա՝ որպես վարկային միջոցի հանդեպ հետաքրքրվածությունը: Ակնհայտ է, որ եթե առկա է արտարժույթի թանկացման ռիսկ, ապա դոլարային վարկերի պահանջարկը կմնա ցածր, նույնիսկ տոկոսադրույքների՝ դրամային վարկերի հետ համեմատ ցածր լինելու դեպքում: Այդպիսով, 2017թ.-ի հումվարի դրությամբ՝ 2016թ.-ի հունվարի հետ համեմատ, դոլարային վարկերի ծավալը նվազել է, չնայած նրան, որ պահպանվում է նրանց գերիշխող դիրքը վարկերի ընդհանուր կառուցվածքում: Օրինակ՝ 2016թ.-ին արտարժութային վարկերը կազմում էին 1 403 802 մլն. դրամ, իսկ 2017թ.-ին՝ 1 515 375: Դրամային վարկերի դեպքում այդ մեծությունները կազմեցին համապատասխանաբար 713 665 և 889 575 մլն. դրամ: Դա նշանակում է, որ վարկերի աճը զգալի չէր, հետևաբար տեղի չի ունեցել նաև դրամական զանգվածի ընդլայնման համապատասխան մուլտիպլիկատիվ էֆեկտ:


img3

2017թ.-ի սկզբին տեղի ունեցած դրամային ավանդների աճը, թեկուզև լինելով աննշան, վկայում է նրա մասին, որ արժույթի փոխարժեքի կայունացմանն ուղղված Կենտրոնական բանկի միջոցառումները հասան իրենց նպատակին՝ հայկական դրամի արժեքի պահպանման տեսանկյունից: Սակայն վարկերի ծավալների նման աննշան փոփոխությունը ընդհանուր առմամաբ արտացոլում է ներդրումային ակտիվության ցածր մակարդակը և տնտեսական ագենտների բացասական սպասումները: Վերջիններիս համար հիմք են տալիս նաև ֆինանսական շուկայի որոշ ցուցանիշները, մասնավորապես բոլոր տեսակի ժամկետայնության պետական արժեթղթերի տոկոսադրույքերը: Դատելով Կենտրոնական բանկի կողմից տրամադրված տվյալներից՝ կարելի է եզրակացնել, որ պետական՝ ըստ էության, առավել ապահով արժեթղթերի եկամտաբերությունը իր մակարդակով չի զիջում առևտրային բանկում կատարած ավանդի եկամտաբերությանը, որն իրականում պարունակում է մակրոտնտեսական ռիսկեր:

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Ո՞ր բանկն է առավել վստահելի ?

Ո՞Ր ՎԿ-Ն Է ԱՌԱՎԵԼ ՎՍՏԱՀԵԼԻ ?

Ո՞Ր ԳՐԱՎԱՏՈՒՆՆ Է ԱՌԱՎԵԼ ՎՍՏԱՀԵԼԻ ?

×